Ընտրական գործընթացքում խախտումներ եղել են, բայց իրավիճակը մասամբ փրկում էր թեկնածուների ուժեղ մրցակցությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը: Թեկնածուների թիվը մեծ էր, եւ նրանցից յուրաքանչյուրը մյուսներին հետեւում էր: Այդ պատճառով խախտումներ կատարելը, ի տարբերություն նախկին ընտրությունների, ավելի դժվարացել էր, հավելել է նա:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մեծամասնական ընտրատարածքից պատգամավորի մանդատին հավակնում են 7 թեկնածուներ:
Նախօրեին՝ հոկտեմբերի 8-ին, Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանի 77 պատգամավորներ կընտրվեն համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով), իսկ 73-ը՝ մեծամասնական (միամանդատ ընտրատարծքներից): Հիմնական պայքարը ծավալվել է վերջին 4 տարիներին իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կոալիցիայի եւ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի (այժմ Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետն է, հայրենիքում նրան կալանավորում է սպառնում հարուցված քրեական գործի շրջանակում) «Միասնական ազգային շարժում» կուսակցության միջեւ:




























