Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ վստահ չէ, որ կցանկանա հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վերջինի այցը Փարիզ նախանշված է հոկտեմբերի 19-ին: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Պուտինի եւ Օլանդի հանդիպման մասին հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահի այցը Փարիզ հատուկ նշանակություն կունենա, քանի որ Օլանդի հետ քննարկվելու են ոչ միայն ռուս-ֆրանսիական հարաբերություններին, այլեւ Սիրիայում եւ Ուկրաինայում ճգնաժամերի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Սակայն TF1-ին տված հարցազրույցում Օլանդը կտրուկ քննադատության է ենթարկել Սիրիայում ավիահարվածներին ռուսական աջակցությունը: Իսկ Պուտինի հետ հանդիպման մասին լրագրողի հարցին նա պատասխանել է, որ առայժմ իր համար չի որոշել այդ հարցը, չնայած, ամենայն հավանականությամբ, կհանդիպի նրա հետ: «Ինքս էլ ինձ այդ հարցն եմ տալիս: Արդյո՞ք դա օգտակար կլինի: Արդյո՞ք այն անհրաժեշտ է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ Հալեպի բնակչությունը «ռազմական հանցագործությունների զոհ է դարձել»: «Նրանք, ովքեր իրագործել են այս հանցանքները, պատասխանատվության կենթարկվեն, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանում»,- ասել է Օլանդը: