ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի միջեւ երկրորդ բանավեճի մեկնարկին արդեն անցում է կատարվել 2005 թվականի տեսանյութի հետ կապված սկանդալը քննարկմանը, որտեղ Թրամփը պարծենում է, թե ինչպես է «սեղմել» կանանց, համբուրել եւ դիպել նրանց մարմնի ինտիմ հատվածներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախագահի գործարար թեկնածուն հայտարարել է, որ լրագրողները սխալ են հասկացել իր ներողությունը. ավելի վաղ հանրապետական գործիչը հայտարարել էր, որ իր խոսքերը «հանդերձարանի կատակ էին»: Նա բազմիցս սա կրկնել է նաեւ կիրակնօրյա բանավեճի ժամանակ:
Քլինթոնը պատասխանել է, որ Թրամփն առաջին թեկնածուն է, որի համապատասխանությունը նախագահի պաշտոնին իր մոտ կասկած է առաջացնում: Դեմոկրատ թեկնածուն հանրապետական մրցակցին հիշեցրել է սեքսիզմի, բոլորին վիրավորելու ունակության մասին:
Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը «շատ ավելի վատ բաներ է արել» եւ կանոնավորապես ոտնձգություն կատարել կանանց նկատմամբ՝ նշելով, որ Հիլարին պետք է ամաչի իր ակնարկների համար:
Հիլարին հրաժարվել է քննարկել իր ամուսնու մասին Թրամփի արտահայտությունները: Փոխարենը նա ասել է, որ հրապարակված տեսանյութն ընտրողներին ցույց է տալիս, թե իրականում ով է Դոնալդ Թրամփը:




























