Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը Խաղաղության Նոբելյան մրցանակի դրամական պարգեւը կփոխանցի երկրի քաղաքացիական պատերազմի զոհերին: Բոհայա քաղաքում պատերազմի զոհերին նվիրված պատարագից հետո ելույթում նա պարզաբանել է, որ նվիրաբերվող գումարը կկազմի շուրջ 820 հազար եվրո: Այս մասին հայտնում է DW-ն:

Բոհայան Կոլումբիայի քաղաքացիական պատերազմի խորհրդանիշներից մեկն է: 2002 թվականի մայիսի 2-ին Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժեր (FARC) աջ արմատական ապստամբ խմբավորման գրոհայինները հարձակվել են այս գավառական քաղաքի վրա: Կառավարական ուժերի դեմ նրանք ինքնաշեն ռումբեր են կիրառել, որոնք պատրաստել էին կենցաղային գազով: Դրանցից մեկն ավերել էր եկեղեցու տանիքը, որի մեջ այդ պահին թաքնվում էր 300 բնակիչ, եւ պայթել բեմի մոտ: Պայթյունի հետեւանքով զոհվել էր 119 մարդ, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ: Մնացած ողջ բնակիչները ընդմիշտ լքել էին ուրվական քաղաքի վերածված Բահայան:

Խուան Մանուել Սանտոսը հոկտեմբերի 7-ին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Դրանով Նոբելյան կոմիտեն գնահատել է Կոլումբիայի նախագահի ներդրումը ավելի քան 50 տարի տեւած քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար, որն առնվազն 220 հազար կոլումբիացիների կյանքի գին է ունեցել, իսկ 6 մլն մարդու հարկադրել է հայրենիքից հեռանալ: