ՆԱՏՕ-ն կտրուկ քննադատել է Ռուսաստանի կողմից «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը Լեհաստանին եւ Լիտվային սահմանակից Կալինինգրադի մարզ տեղափոխելը։ «Միջուկային մարտագլխիկներով հագեցած հրթիռների տեղակայումը այն երկրների սահմաններին, որոնք մտնում են Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ, չի նպաստում լարվածության մակարդակի նվազեցմանը»,- dpa-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է թափանցիկության մակարդակը եւ ռազմական գործունեության կանխատեսման հնարավորությունները ոչ թե նվազեցնել, այլ մեծացնել՝ միջադեպերից եւ թյուրիմացություններից խուսափելու համար:
Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը հայտարարել է, որ «Իսկանդերների» փոխադրումը Կալինինգրադ իր կառավարությունը գնահատում է որպես Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնմանը Մոսկվայի արձագանք:




























