«Թալիբան» շարժման գրոհայինները ներթափանցել են Աֆղանստանի Լաշքարգախ քաղաք, որը գտնվում է երկրի հարավում եւ Հիլմենդ նահանգի մայրաքաղաքն է:
Աֆղանստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «Թալիբան»-ը գրոհել է Լաշքարգախ քաղաքում տեղակայված հսկիչ անցակետերը: Նախարարության ներկայացուցիչը խոստացել է, որ Աֆղանստանի բանակը շուտով հարձակումը հետ կմղի: Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը նույնպես հայտնել է, որ գրոհայինները քաղաքի միջով առաջ են շարժվում: Քաղաքի օդանավակայանը փակ է: Լաշքարգախի խանութների մեծ մասը եւս փակ է, քանի որ քաղաքի առանձին հատվածներում մարտեր են ընթանում:
Քաղաքի հյուսիսում գտնվող հսկիչ անցակետերից մեկում ավտոմեքենա է պայթել։ Պայթյունը ենթադրաբար մահապարտն է իրագործել: Հիլմենդ նահանգի իշխանության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ պայթյունի հետեւանքով 14 մարդ է վիրավորվել՝ ինչպես քաղաքացիական բնակիչներ, այնպես էլ զինծառայողներ: Մինչդեռ տեղի հիվանդանոցները հայտնում են 30 վիրավորների մասին:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ թալիբները գրավել են Բոլանի շրջանը եւ քաղաքի կենտրոնով առաջ են շարժվում:




























