ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ու Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը վճռականորեն դատապարտել են Եմենում սգո արարողության ժամանակ իրականացված հարձակումը: Նրանք այդ երկրում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների միջազգային անկախ հետաքննության կոչ են արել:

Բան Կի Մունն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածները Եմենում արդեն հանգեցրել են արյունահեղության, երկրի բուժհաստատությունների եւ կենսական նշանակության քաղաքական այլ օբյեկտների զգալի մասի ոչնչացման:

«Վերջին հարձակման վայրից ստացված առաջին հաղորդագրությունները վկայում են, որ այն նույնպես իրականացվել է կոալիցիայի կողմից: Հակամարտության ընթացքում մշտապես իրականացվող բռնության ֆոնին ներողությունն այնքան էլ անկեղծ չի հնչում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը նույնպես Եմենում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների բոլոր դեպքերի անկախ հետաքննության կոչ է արել, որտեղ, նրա խոսքով, 2015 թվականի մարտից ի վեր 4125 քաղաքացիական անձ է սպանվել, 7207-ը՝ վիրավորվել: Միայն 2016 թվականի սեպտեմբերին այստեղ 379 խաղաղ բնակիչ է սպանվել: