Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ կենտրոնատեղիում անդամ-երկրների մասնակցությամբ քննարկվել են ներքին տեղահանվածների խնդիրները:

Քննարկմանը մասնակցել են Ներքին տեղահանված անձանց (IDP) իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան, ովքեր առիթներ էին ունեցել վերջին շրջանում այցելելու Հայաստան:

Վալտեր Կալինի հետ հանդիպմանը մեկնաբանություններով հանդես են եկել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները: Վերջինս հայտարարել է, որ Հայաստանի «ագրեսիայի» եւ «օկուպացիայի» հետեւանքով Ադրբեջանն ունի ներքին տեղահանված անձանց ամենամեծ թիվը աշխարհում եւ իր կառավարության մտահոգությունն է հայտնել, որ ներքին տեղահանված անձինք պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը:

Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին անդրադարձել է Ադրբեջանի վարած անհանդուրժողական քաղաքականության, էթնիկ զտումների, բռնությունների եւ սանձազերծած պատերազմի հետեւանքներին, մասնավորապես հարյուր հազարավոր հայ փախստականների զրկանքներին ու հիմնախնդիրներին` ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի էությունը եւ տարածաշրջանային խաղաղությանը միտված Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը:

Ի պատասխան Ադրբեջանի բարձրացրած հարցի` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել է, որ ներքին տեղահանված անձինք նախեւառաջ պետք է ունենան իրավունք ընտրելու` վերադառնա՞լ իրենց նախկին բնակության վայրերը, թե` ոչ, ու հավելել, որ կարեւորում է, որպեսզի համապատասխան պայմաններ լինեն նրանց վերադարձի համար, որոնց նախադրյալները դեռեւս առկա չեն տարածաշրջանում: Կալինը կոչ է արել, որպեսզի շահագրգիռ կողմերը նախեւառաջ գործադրեն բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն անդրադառնալ խնդրո առարկային:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան իր ելույթն սկսել է ներկայացնելով իր տպավորությունները Հայաստան այցից, մասնավորապես նշելով, որ իր կատարած առաքելությունը լավ առիթ է հանդիսացել ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակին, եւ նա իր երախտագիտություն է հայտնում Հայաստանի իշխանություններին հրավերի եւ առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին իր այցն անփոփող ցեկույցը կներկայացնի Ժնեւում գործող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում: