ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Թուրքիայում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների ձերբակալությունից հետո իր մտահոգությունն է հայտնել երկրում հեղաշրջման փորձից հետո ձեռնարկվող միջոցների մասշտաբների կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գլխավոր քարտուղարը մտահոգված է պաշտոնանկությունների մասշտաբով, որոնք հաջորդել են հուլիսյան հեղաշրջման փորձին, այդ թվում՝ նրանց, որոնք վերաբերում են խորհրդարանի անդամներին եւ այլ ընտրված պաշտոնական անձանց, ինչպես նախօրեին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունն է»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Բան Կի Մունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հիմնարար իրավունքների եւ սկզբունքների պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի գիշերը ոստիկանները ձերբակալել էին «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեդաղին եւ 9 քուրդ պատգամավորների:




























