Առաջիկա հինգ տարում Հայաստանի հեռահաղորդակցության շուկան ավելի կձգտի դեպի ինտերնետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ВымпелКом ընկերության ԱՊՀ երկրներում զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին՝ նշելով, որ միտումն ամբողջ աշխարհում է նույնը։ «Ձայնային հաղորդակցումը ինտերնետ է գնում։ Այսօր շատերն են նախընտրում VoIP տեխնոլոգիաները, ինչպիսիք են Skype-ը, ICQ-ն, որոնք նաեւ վիդեոկապի հնարավորություն են տալիս»,- ասաց Կրոմսկին՝ ավելացնելով, որ Հայաստանի շուկան այս առումով նույն  ուղղությամբ պետք է զարգանա։ Ըստ նրա՝ Հայաստանում ВымпелКом-ի դուստր ձեռնարկություն «ԱրմենՏելը» զարգացման բարձր ցուցանիշեր է ցույց տալիս, եւ ԱՊՀ երկրներում առաջատարներից մեկն է։ «Ընթացքում ընկերությունը հնարավոր է սեփական մալուխային ցանցով նոր ծառայություններ սկսի մատուցել, օրինակ՝ IP TV ծառայություն»,- NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ նշեց Կրոմսկին։

Նրա խոսքով՝ Հայաստանում զարգացման առաջնային ուղղություններից է լինելու լայնաշերտ ինտերնետ ցանցը, քանի որ այն ընկերությունների եկամուտի ավելացման համար հարմար շուկա է։ Մալուխների ցանցի զարգացման հիմնական ուղղությունը լինելու են մարզերը։

Նա տեղեկացրեց նաեւ, որ ընկերությունն այժմ բանակցում է Հայաստանում LTE կապ տրամադրելու համար, որը ներկայացնում է բջջային կապի տեխնոլոգիայի 4-րդ սերունդը:

«Հայաստանում լավ զարգացող եւ ներուժ ունեցող շուկա կա։ Երկու տարվա ընթացքում «ԱրմենՏելը» մեծ արդյունքների է հասել»,- ասաց Կրոմսկին՝ նկատելով, որ շուկայում նոր ընկերությունների ի հայտ գալը ВымпелКом-ը դրական է համարում։

«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ բարձր գնով բրենդային հեռախոսների ներկրման հարցում դեռ չեն հետեւելու հայաստանյան մրցակիցների օրինակին։ «Արմենտելը» հանարավոր է ավելի ցածր գնով հեռախոսներ առաջարկի հայ սպառողին։

«Մենք ներկայացրել են BeeLine բրենդով հեռախոսը, եւ մեր քարտի բաժանորդին այն 1 դրամով ենք առաջարկում։ Այս նորույթը սպառողը դրական է ընդունել, եւ կարելի է ասել որ այն ժողովրդական հեռախոս է դարձել»,- ասաց Կլիմկոն՝ ավելացնելով, որ Հայաստանում դեռ զարգացած չէ սոցիալական ապահովագրությունը, որպեսզի ընկերությունները կարողանան բարձր գին ունեցող հեռախոսները սպառողին տրամադրեն ցածր գնով, բայց երկար ժամկետով։