ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր՝ նոյեմբերի 25-ին Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին: Գերագույն հանձնակատարը շնորհակալություն է հայտնել միջազգային պահանջներին համապատասխան տարված արդյունավետ եւ ակտիվ աշխատանքի համար եւ ընդգծել, որ դա հենց այն աշխատանքն է, որ ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտից:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը գերագույն հանձնակատարին է ներկայացրել այս տարվա ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կատարած՝ մարդու իրավունքների հիմնարար խախտումները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով: 

Պաշտպանը գերագույն հանձնակատարին է փոխանցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցները, ինչպես նաեւ արգելված զինատեսակների եւ քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ թիրախավորված հարձակումների վերաբերյալ տվյալները՝ կոնկրետ փաստերով:

Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նիստի ընթացքում գերագույն հանձնակատարն իր բացման խոսքում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չունի եւ այդ իսկ պատճառով չի տիրապետում այնտեղ մարդու իրավունքների վիճակին:

Այս կապակցությամբ Պաշտպանը հանձնակատարին է փոխանցել ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի՝ Արցախ այցելելու հրավերը:

Արման Թաթոյանն առանձնապես ընդգծել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության կարեւորությունը միջազգային մակարդակի հանդիպումներին, քանի որ դա կապ չունի որեւէ քաղաքական հարցի հետ եւ ունի բացառապես իրավապաշտպան եւ կանխարգելիչ նպատակներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի առանցքային կարգավորումները եւ կարեւորվել է գերագույն հանձնակատարի գրասենյակի կարծիքը դրա վերաբերյալ: Շեշտադրվել է սահմանադրական փոփոխությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին ընձեռնված նոր լիազորությունը՝ հետեւելու մասնավոր կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստել այդ կազմակերպությունների կողմից խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը:

Հանդիպման ավարտին գերագույն հանձնակատարը առաջարկել է լինել մշտական կապի մեջ եւ կարեւորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ իշխանությունների հետ կապի հարցերում: