Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունները տարբեր ուղղություններով կայուն առաջընթաց են ապրում: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` ԱՄԷ-ի արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ -Կասիմիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հ. Աբրահամյանը հանդիպման սկզբում իր խորին ցավակցությունն է հայտնել ԱՄԷ Ռաս ալ-Խայմայի կառավարիչ Շեյխ ալ-Կասիմիի մահվան կապակցությամբ:

ԱԺ նախագահը կարեւորվել է գյուղատնտեսության, զբոսաշրջության, դեղագործության,  կրթության, գիտության եւ այլ բնագավառներում գործակցության ակտիվացումը: Նա կարեւորել է հայ-էմիրաթական հարաբերությունների պատմության ընթացքում առաջին անգամ Երեւանում գործարար համաժողովի անցկացումը, որը լուրջ խթան կհանդիսանա առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման եւ  ներդրումային դաշտի ընդլայնման համար:

Տիկին Շեյխա Լուբնա  Ալ Կասիմին իր հերթին, կարեւորել է Հայաստան-ԱՄԷ փոխգործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, ներդրումների ծավալների ավելացումը: Նա գոհունակությամբ փաստել է, որ վերջին երկու տարիների ընթացքում աննախադեպ ակտիվացել է երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում եւ համոզմունք հայտնեց, որ առաջիկայում գործակցությունը առավել կզարգանա: