Կոռուպցիոն վտանգներից խուսափելու համար տնօրենների ընտրությունը պետք է թափանցիկ անցկացվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, Ազատության եթերում՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին,  երբ է արմատապես դպրոցներում աշխատանքի ընդունվելու ժամանակ վերանալու կաշառք տալու ավանդույթը:

«Այս երեւույթը գոյություն ունի։ Մեր հասարակությունը պետք է իր մտածելակերպը փոխի, միայն ուսուցիչների վրա չֆոկուսվենք, խնդիրը կա ամենատարբեր ոլորտներում։ Ինչ վերաբերում է դպրոցներին, ես առաջարկում եմ, որ մենք անհատապես փորձենք ինչ-որ բան անել, մյուսը թափանցիկությունն է, պետք է այնպես անել, որ ուսուցչի ընտրությունը տնօրենի քմահաճույքից կախված չլինի։ Իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե տնօրենի ընտրությունից առաջ կամ հետո նա մարզպետի, նախարարի, ինչու չէ վարչապետի կամ փոխվարչապետի մոտ հարցազրույց անցներ։ Դժվար չէ 5 տարվա կտրվածքով սա անել, որպեսզի նրանք նույնպես անձնական պատասխանատվություն կրեն տվյալ տնօրենի համար; Այսինքն՝ երկրի փոքրությունը լուծումների հնարավորություն տալիս է եւ մենք այդ լուծումները պետք է տանենք 2 հարթությունով՝ թափանցիկություն, բացել պրոցեսը, եւ երկրորդը ՝ կոնկրետ պաշտոնյաները պետք է անձնապես պատասխան տան»,-ասել է նա։