«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը կմնա կալանքի տակ: Այսօր՝ հունվարի 24-ին,  Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Աշոտ Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում  ասաց Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Նա նշեց, որ միջնորդության քննությանը ներկա է եղել նաեւ իր պաշտպանյալը, սակայն, առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մնալ մինչեւ վերջ եւ խնդրել է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: