Մինչ 2011 թվականի տարեվերջ հայաստանյան գրեթե բոլոր դպրոցները կմիավորվեն մեկ միասնական տեղեկատվական միջավայրում՝ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այժմ ցանցին միացած է 644 դպրոց։
«Մինչեւ 2010 թ. տարեվերջ ցանցին կմիանա եւս 300 դպրոց, եւ ընդհանուր ցանցին միացած դպրոցների թիվը կդառնա 944 դպրոց»,-ասաց Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ ցանցին 300 դպրոցների միացման համար պետական բյուջեից հատկացվել է 137 մլն դրամ։
Ա. Գրիգորյանի խոսքով՝ նախատեսվում է, որ հաջորդ տարի՝ 2011 թ. ցանցին կմիանա շուրջ 450 դպրոց, եւ այդպիսով, հայաստանյան գրեթե բոլոր դպրոցները կմիավորվեն ինտերնետային ցանցում:
«Դպրոցների ինտերնետային ցանցը ներքին տեղական ցանց է, որի միջոցով դպրոցները միմանց հետ կապվելով տարբեր տեղեկություններ են փոխանցում, մասնակցում են ֆորումների, տարբեր թեմաների շուրջ հայտնում են իրենց կարծիքը։ Նրանք կարող են նաեւ հեռավար ուսուցման տարբեր ծրագրեր իրականացնել եւ այլն»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ միասնական ցանցը հնարավորություն է ստեղծում տիրապետել հսկայական էլեկտրոնային բովանդակության, որը կարեւոր տեղեկատվություն է վերլուծություններ անելու եւ այլնի համար:





























