Նոյեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւի գլխավորած պատվիրակությանը:
Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը մեծապես կարեւորել է տարբեր ոլորտներում Ռոստովի մարզի հետ Հայաստանի համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն պիտի առավել ամրապնդի երկու ժողովուրդների դարավոր կապերը եւ եղբայրությունը:
Անդրադառնալով 2008-ին Ռոստովի մարզ կատարած իր այցին` Բարեգին Բ-ն իր շնորհակալությունն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին եւ մասնավորապես, Ռոստովի մարզի նահանգապետին` մարզում հաստատված հայորդիների եւ Հայ Եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերվող բարյացակամ եւ հոգատար վերաբերմունքի համար:
Իր հերթին Ռոստովի նահանգապետը շնորհակալություն է հայտնել հայոց հոգեւոր կենտրոն այցելելու հնարավորության եւ ջերմ ընդունելության համար: Նա Գարեգին Բ-ին է ներկայացրել իր այցի արդյունքները եւ նախանշված համագործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին:





























