Այն փոփոխությունները, որ կատարվեցին ընտրական օրենսգրքում, ընտրությունների կեղծման մի քանի մեխանիզմ մեծ հաշվով դարձրին անպիտան, բայց որ իշխանությունը ձեռքերը ծալած կնստի եւ կանցկացնի արդար ընտրություններ, բացառվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: Նա «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի կողմից առաջադրվել է Աջափնյակ-Արաբկիր-Դավիթաշեն թիվ 2 ընտրական տարածքում:

Պարոն Մուսինյան, Դուք առաջադրվել եք Աջափնյակ-Արաբկիր-Դավթաշեն ընտրական տարածքում, ի՞նչ ակնկալիք  ունեք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նաեւ Կոնգրեսի ջանքերով Ընտրական օրենսգրքում կարեւոր դրույթներ փոխվեցին, հրապարակվելու են քվեարկված ցուցակները:

Այն փոփոխությունները, որոնք մեր հետեւողական ճնշումների արդյունքում կատարվեցին ընտրական օրենսգրքում, ընտրությունների կեղծման մի քանի մեխանիզմ մեծ հաշվով դարձրին անպիտան, բայց որ իշխանությունը ձեռքերը ծալած կնստի եւ կանցկացնի արդար ընտրություններ, բացառում եմ: Այս իշխանության բնույթն է այդպիսին: Նաեւ քանի որ հասարակության շրջանում ունեն զրոյականին մոտ վստահություն ու վարկանիշ, իշխանություններին մնում է գործադրել ընտրակեղծարարության` ձեռքի տակ եղած մյուս գործիքները. ընտրակաշառք, վարչահրամայական մեթոդներ եւ այլն: Ընտրակաշառքի խոստումներն արդեն սփռվել են Հայաստանի ողջ տարածքում եւ ընդ որում` աննախադեպ գումարներ են շրջանառվում: Բացի սրանից, այն որ ներմուծված ռեյտինգային կարգով ՀՀԿ–ն ամեն ինչ անում է ապաքաղաքականացնել ընտրություններն ու դարձնել թաղի լավ տղերքի պայքար, նույնպես ինչ-որ առումով ընտրության կեղծում է: Մենք, իհարկե, ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընտրությունները քաղաքականացվեն, որպեսզի մեր համաքաղաքացիներն ընտրության հնարավորություն ունենան:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարել է անբիծ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, դա հնարավո՞ր եք համարում:

Անկյունաքարային դրույթը հետեւյալն է. ընտրությունը կեղծում է կամ չի կեղծում իշխանությունը: Հանրապետականի իշխանությունը շահագրգռված չէ արդար ընտրություններ անցկացնել, եւ փակելով կեղծիքի մի մեխանիզմ` ձեռքի տակ պահում է մնացածները, ինչի մասին արդեն նշեցի: Այսինքն` խնդրի աղբյուրը իշխանությունն է: Շատ երկրներ կան, որ վատ օրենսգրքով հրաշալի ընտրություններ են արել եւ հակառակը: Այս անգամ եւս փորձելու են, որովհետեւ շանս չունի արդար ընտրությունների պարագայում: Հասարակությանը գոնե մեկ մնայուն բան չեն կարող ցույց տալ, որ արել են երկրի համար: Բացի մասայական թալանից, ինչի մասին նշում են նույնիսկ կարկառուն հանրապետականները, համակարգված կոռուպցիայից, երկիրը դատարկելուց ու բազում այլ ապօրինություններից: Կարգախոս են ընտրել «Անվտանգություն եւ առաջընթաց», բայց երկու հարցում էլ կատարելապես ձախողվել են: Կատարելապես:

Հայ ազգային կոնգրեսի` Ղարաբաղի հարցի լուծման ծրագրի շուրջ քննարկումները չեն դադարում: Ղարաբաղյան հակամարտության  կարգավորման  ձեր ծրագիրը որոշ քաղաքական ուժեր, գործիչներ մեկնաբանում են որպես տարածքներ հանձնելու պատրաստակամություն: Այս մեկնաբանությունները, քննադատությունները Կոնգրեսի համար ռիսկային չե՞ն մեծ ընտրազանգված գրավելու առումով:

Որպեսզի այդ շահարկումների դատարկությունը հասկանալի լինի, փաստենք մի քանի  բան: Դա Կոնգրեսի ծրագիրը չէ: Հայ ազգային կոնգրեսն  իշխանություն չէ,  հետեւաբար Ղարաբաղի հարցի շուրջ փոխիջումների հարցում որոշում կայացնողն իրերի բերումով  Հանրապետական կուսակցությունն եւ նրա կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը: Այսինքն, հող տվող կամ չտվողը Սերժ Սարգսյանն է: Մենք այդ քաղաքականության վրա որեւէ ազդեցություն չունենք, որովհետեւ իշխանության հետ մենք գտնվում ենք հակադիր բեւեռներում: Մենք ի՞նչ ենք հայտարարել. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստեղծվել է պատեհություն, սեղանին կա կոնկրետ առաջարկ, որի շուրջ բանակցում են Հայաստանը եւ Ադրբեջանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ հատկապես Ռուսաստանի առավել ակտիվ միջնորդությամբ: Ստեղծված առաջարկը կարող է եւ մեր սրտով չլինի, նկատի ունեմ` ոչ  միայն Կոնգրեսի, այլեւ  հասարակական շերտերի, բայց եթե Հայաստանը չի օգտվում այս պատեհությունից, հաջորդ լուծումը լինելու է շատ ավելի վատը: Ավելին, էապես մեծանալու է ռազմական էսկալացիայի` պատերազմի հավանականությունը: Հետեւաբար, շուրջ երեք տասնամյակ լինելով մշտապես  Ղարաբաղի հարցը լուծելու եւ խաղաղության ուղղութամբ ջանքեր գործադրած ուժ, մենք գտնում ենք, որ ճիշտ կլինի, որ Հայաստանը օգտվի այս պատեհությունից եւ գնա արժանապատիվ խաղաղության ճանապարհով:

Եթե Հայաստանը անկեղծորեն շարժվի խաղաղություն գտնելու ճանապարհով եւ կառուցողական վարքագիծ որդեգրի ու ցույց տա, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչին եւ փորձում են հասնել միջնորդ երկրները եւ  այդ դեպքում մերժի Ադրբեջանը, ապա Հայաստանը կհայտնվի շահեկան վիճակում: Կստացվի, որ մենք աշխարհի հետ համահունչ ենք մեր դիրքորոշումներում, իսկ Ադրբեջանը մեկուսացած վիճակում է: Սրա արդյունքը այն է, որ էապես կնվազի, եթե ոչ ամբողջությամբ կբացառվի, պատերազմի վերսկսման վտանգը, որովհետեւ աշխարհը արդեն իր ճնշումները, իր զայրույթը կուղղի դեպի Ադրբեջան: Այդ դեպքում Ադրբեջանը, եթե առյուծի կաթ էլ խմի, չի համարձակվի սկսել ռազմական գործողություններ: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները, ճառասացությունն ու հերթապահ հայտարարությունները մի կողմ դրած` իսկապես գնան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհով:

Ընտրություններից հետո այս ծրագիրը կյանքի կոչելու շուրջ Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը հնարավո՞ր եք համարում:

Եթե որեւէ իշխանություն գնալու է Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհով, մենք սատարելու ենք այդ գործին, կրկնում եմ` գործին, որովհետեւ մենք սատարում ենք այդ գործը եւ կապ չունի` իրագործողն ով է: Սա ազգային հարց է, Կոնգրեսի եւ Տեր-Պետրոսյանի համար, եթե կուզեք, կյանքի գործ է, եւ մենք չենք կարող այն քաղաքական կոնյուկտուրայի զոհ դարձնել:

Պարոն Մուսինյան, փորձը ցույց է տվել, որ Հայաստանում քչերն են իրենց ընտրությունը պայմանավորում այս կամ այն քաղաքական ուժի ծրագրով, գաղափարներով: Ի՞նչ եք կարծում,  հանրությունը կսատարի իր քվեով ձեր խաղաղության ծրագրին՝ նաեւ հաշվի առնելով  մեկ տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան պատերազմը:  

Խաղաղությունը գաղափար չէ, այն ավելի ֆունդամենտալ բան է: Դա ամեն արարածի բնական ցանկությունն է: Ցանկացած հասարակություն մշտապես ձգտում է խաղաղության, դա  աշխարհում ցանկացած ազգի բնական ձգտումն է, ուղղակի լինում են ազգեր, ում կառավարիչները խաղաղության հարցը չլուծելը օգտագործում են անձնական նատակներով: Ինչպես շուրջ երկու տասնամյակ դա տեղի է ունենում Հայաստանում: Եվ քանի որ խաղաղությունը մարդու բնական ցանկությունն է, ես վստահ եմ, որ մեր ծրագիրը արձագանք է գտնելու մեր համաքաղաքացիների մտքերում ու հոգիներում: Մի օրինակով եզրափակեմ զրույցը.  մի շաբաթ առաջ այցելեցի հորական գյուղ` Վերին Կարմիրաղբյուր: Ճանապարհին մի քաղաքացի խնդրեց տեղափոխել: Տարեց մարդ էր, հացթուխ: Երբ մեքենայում խոսք գնաց երկրի խնդիրներից, ասաց հետեւյալը. «Որդի ջան, պատերազմը մի տարի կլինի, երկու տարի կլինի, հինգ տարի կլինի: 25 տարի պատերազմ է՞ լինում: Գերմանացիների հետ 4 տարի կռվեցինք, վերջացավ գնաց, էսպես ինչքա՞ն կարելի է»: Իմ կողմից ավելացնեմ` մանավանդ որ մենք մեր խնդիրը ռազմի դաշտում փայլուն լուծել ենք` Ղարաբաղն այլեւս հայկական է եւ հավերժ մնալու է հայկական: