«ԵԼՔ» դաշինքի` պատգամավորի թեկնածու, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյան դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մինչեւ ընտրությունների օրը ընտրակաշառք բաժանող անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու խնդրանքով:

«Հարգելի պարոն Դավթյան.

Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր անցկացված բոլոր ընտրություններից հետո ընտրությունները հաղթահարած ուժը, որը մշտապես եղել է մինչ ընտրություններն իշխող ուժ, հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ չեն բաժանվել ընտրակաշառքներ կամ եթե նման դեպքեր եղել են, ապա դրանք եղել են եզակի: Ես համոզված եմ, որ շարքային քաղաքացին, ով անձնական շահագրգռվածություն չունի ընտրական գործընթացում, չի համաձայնվի նման տեսակետի հետ:

Մենք ականատ ես ենք եղել, թե ինչպես ընտրություններից անմիջապես առաջ կատարվել են բակերում ասֆալտապատումներ, վերանորոգվել են տանիքներ, մուտքեր եւ այլն, այնուհետեւ այդ ֆորմատը փոփոխվել է եւ թաղային «հեղինակություններ վայելող» անձանց միջոցով սկսվել է նաեւ կոնկրետ անձանց բաժանվել գումարներ: Վերը թվարկված բոլոր գործողությունները հանդիսանում են հանցագործություն:

Իշխանություն չկազմող կուսակցությունները, ընդդիմադիր քաղաքական գործիչները, ԶԼՄ-ները, իրավապաշտպանները փորձել են եւ ներկայիս ընտրություններին եւս փորձում են հավաքագրել ապացույցներ, սակայն որպես բազմաթիվ տարիների փորձ ունեցող իրավաբան հասկանում եք, որ կամավորության կարգով որեւէ մեկը նման հայտարարություն չի տա:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները փորձում են անգամ պարզաբանել, թե ինչպես կարելի է կաշառքը վերցնելուց հետո չընտրել այն ուժին կամ անձին, ումից ստացել են կաշառք, բայց ինքներդ հասկանում եք, որ մարդը, ով ստացել է կաշառք, կընտրի այն թեկնածուին, ում համար իրեն վճարել են:

Այս իրավիճակում միակ լուծումը կարծում եմ մինչեւ ընտրությունների օրը ընտրակաշառք բաժանող անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելն է: Այս քայլը կփոխի Հայաստանի պատմությունը:

Ձեզ եմ ներկայացնում իմ դիմումը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրակաշառք բաժանելու փաստի առիթով) քրեական գործ հարուցելու վերաբերյալ»,-իր դիմումում գրել է նա: