Ռուսաստանի ու Գերմանիայի ընդհանուր նպատակն է կարգավորել հարաբերությունները։ Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հասկանում ենք, թե ինչ վիճակում են մեր հարաբերությունները։ Որքանով ես հասկանում եմ՝ մեր ընդհանուր նպատակն այն է, որ հարաբերությունները ամբողջությամբ կարգավորվեն, իսկ բոլոր այն բարդությունները, որոնց մենք բախվում ենք, լուծվեն»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները Գերմանիայի ղեկավարության հետ սերտ կապի մեջ են ու հավելել է, որ հույս ունի այսօրվա հանդիպման ժամանակ քննարկել հարաբերությունների վերականգնման հարցերը «թե երկկողմանի մակարդակի վրա, թե այն խնդիրների, որոնք կարելի է լուծել միայն համագործակցելով»։
Գաբրիելն էլ իր կողմից նշել է, որ երկու պետություններն էլ «ունեն պատճառներ մեր երկկողմանի հարաբերությունների կայունությանը վստահելու համար»։
Մոսկվայում սպասում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցելությանը, հայտնել է Պուտինը։ «Մենք սպասում ենք տիկին կանցլերի այցելությանը , խնդրում եմ նրան փոխանցել լավագույն մաթանքները»,- դիմել է Պուտինը Զիգմար Գաբրիելին։
Գաբրիելը Պուտինին շնորհակալություն է հայտնել հրավերքի համար ու ասել, որ «հաճույքով կփոխանցի հրավերքը կանցլերին»։ «Կարծում եմ, որ դաշնային նախագահն էլ այցելության մտադրություն ունի»,- հավելել է նա։ Պուտինն էլ նկատել է, որ Ռուսաստանում ուրախ կլինեն տեսնել Գերմանիայի նախագահին, մանավանդ «հաշվի առնելով այն բարի հարաբերությունները, որոնք ձեւավորվել են, երբ նա Գերմանիայի արտգործնախարար էր աշխատում»։



























