ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 11-ին,  հյուրընկալել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի երեւանյան նիստի մի խումբ հեղինակավոր մասնակիցների: Ակումբի արտագնա նիստի թեման է՝ «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության դարաշրջանում»: Միջոցառման շրջանակներում իրենց տեսակետներն են ներկայացրել ակումբի փորձագետները եւ Հայաստանի գիտական հանրության ներկայացուցիչները, քննարկումներին հրավիրված պետական պաշտոնյաները:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել եւ կարեւորել է առաջատար փորձագիտական, մասնագիտական շրջանակների նման հանդիպումներն ու ակումբի արտագնա նիստի անցկացումը Երեւանում:

Ընդգծելով, որ արագ փոփոխվող աշխարհում շատ մարտահրավերներ եւ սպառնալիքներ գլոբալ բնույթ են կրում եւ չեն ճանաչում սահմաններ, նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ պայմաններում մեծանում է մասնագիտական համայնքի նշանակությունը՝ նկատի առնելով, որ ժամանակակից իրողությունների օբյեկտիվ վերլուծությունը, փորձագիտական ճիշտ աշխատանքը մեծապես նպաստում է քաղաքական գործիչների կողմից արդյունավետ որոշումների ընդունմանը:

Հանրապետության նախագահը ճիշտ եւ արդյունավետ է համարել այն որոշումները, որոնք աջակցություն են ստանում հանրության կողմից:

Թեյի սեղանի շուրջ ծավալված զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը եւ «Վալդայ» ակումբի անդամները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, մերձավորարեւելյան տարածաշրջանի զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, միջազգային արդի մի շարք խնդիրների, այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության ներկայիս մակարդակի եւ հարաբերությունների հեռանկարի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: