Կրթական համակարգում պետք է ժամանակակից մակարդակ ապահովել լավ ապագա ունենալու համար: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ջերմուկցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Եթե կրթական համակարգում ժամանակակից, համապատասխան մակարդակ չենք ապահովում, ապա մենք վաղվա օրը դնում ենք հարցականի տակ»,-ասել է նա:

Նա նշել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել գյուղական համայնքներին, զարգացնել կրթական օջախները:

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գյուղական համայնքներին, որովհետեւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենատաղանդավոր մարդիկ հենց այդ տեղերից են: Ինչ վերաբերում է վարձավճարներին, պարզ է, որ բավական չէ եւ ոչ միայն ուսուցիչներինը: Երբ ասում եք արտոնություններ տվեք ուսուցիչներին, ո՞նց կարող ենք միայն ուսուցիչներին տալ, մեկ ուրիշ մասնագետ կգա կասի՝ ինձ էլ տվեք այդ արտոնությունները, դիվանագետներն էլ կգան նույնը կասեն: Այդ համակարգը խոցելի է իր կոռուպցիոն եւ սուբյեկտիվ արտահայտություններով: Վարձավճարման համակարգը պետք է սարքել այնպիսին, որ այն ծառայությունները, որոնցից սովորական քաղաքացին պետք է օգտվի, իր համար մատչելի լինեն»,-ասել է նա: