Այսօր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Այդ մասին հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Գործին կտրվի համապատասխան ընթացք:

Լրատվամիջոցներին, ինչպես եւ քաղաքական ուժերին մեկ անգամ եւս կոչ ենք անում չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը:

Գործի ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի»,- նշել է նա:

Նշենք, որ ՕՐՕ դաշինքը հայտարարություն էր տարածել, թե «Այսօր կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում առավոտյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերեւս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին:

Ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին»,- նշել էին դաշինքից: