Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարակը մոտ օրերս ազատ կարձակվի։ Եգիպտոսի դատախազությունը բավարարել է նրան ազատելու մասին միջնորդությունը, այս մասին մարտի 13-ին հայտնել է Մուբարակի փաստաբան Ֆարիդ ադ- Դիբը, փոխանցում է DW–ը։
Նրա խոսքով, 88-ամյա Մուբարակը, որը Կահիրեի զինվորական հոսպիտալում էր պահվում, «կվերդառնա տուն, երբ բժիշկները որոշեն, որ նրա առողջական վիճակը բավարար է»։ Փաստաբանը նաեւ հայտնել է, որ նախկին նախագահը չի կարողանա արտասահման մեկնել։
2011-ին գահընկեց արվելուց հետո Մուբարակի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցվել։ Դրանցից մեկով մարտի 2-ին Կահիրեի Վերաքննիչ դատարանը ամբողջովին արդարացրել է նախկին նախագահին՝ չեղարկելով 2011-ի հունվարյան հեղափոխության ժամանակ ցուցարարների սպանություններին մասնակցություն ունենալու մասին բոլոր մեղադրանքները։ Դատավճիռը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ։
Մեկ այլ՝ «նախագահական պալատների մասին» գործով Մուբարակին ու նրա երկու որդիներին 2015-ին դատապարտել էին երեք տարվա ազատազրկման ու խոշոր տուգանքի՝ պետական միջոցների յուրացման համար։ Այս ամիս լրացել էր երեք տարվա ժամկետը։ Ժամանակի մեծ մասը Մուբարակն անցկացրել էր Կահիրեի զինվորական հոսպիտալում։




























