ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Դաշինքի անդամ երկրներին կոչ է արել ավելացնել ռազմական կարիքների համար հատկացվող ծախսերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նրա խոսքով, դա «առանցքային նշանակություն ունի տրանսատլանտյան կապերի ամրության պահպանման համար, որոնց վրա հիմնված է մեր դաշինքը»։ «Գրեթե 70 տարի Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի գործընկերությունը ապահովում էր խաղաղություն ու բարգավաճում Ատլանտիկայի երկու կողմերում․․․ Դա ձեռքբերում է, որը երբեք չի կարելի ընդունել որպես ինքնըստինքյան ենթադրվող»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ դաշինքի անդամների միջեւ առաջվա պես չկա ֆինանսական բեռի արդար բաշխում։

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, պարտքերով ծանրաբեռնված Հունաստանն ու Լեհաստանը միակ երկրներն են, որոնք պահպանում են պաշտպանական ծախսերի հարցում նպատակային ցուցանիշը՝ ՀՆԱ 2 տոկոսը։

«Դաշինքի բոլոր անդամները պետք է հասնեն այդ նպատակին։ Բոլոր անդամները պայմանավորվել են անել դա բարձր մակարդակի վրա»,- նշել է Ենս Ստոլտենբերգը՝ նկատի ունենալով վարչապետների ու նախագահների՝ 2014-ի հանդիպումը։

Ըստ վիճակագրության՝ 2016-ին դաշինքում պաշտպանական ծախսերը աճել են 3․8 տոկոսով կամ 10 մլր դոլարով, մինչդեռ 2015-ին այդ ցուցանիշը նվազել էր։

«2017-ին մենք պետք է կրկնապատկենք ջանքերը դրական դինամիկայի համար ու ազգային մակարդակի վրա արագացնենք մեր ջանքերը՝ մեր խոստումները կատարելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։