Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը շարունակում է պնդել, որ քաղբանտարկյալ, «Հայկական ժմանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կոշ» ՔԿՀ-ում որեւէ բռնություն չի կիրառվել: ՔՎ հաղորդագրության մեջ նշվում է.
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Ն.Փաշինյանն նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հանդես էր եկել ակնհայտ կեղծ հայտարարությամբ` իր նկատմամբ իբր բռնություն գործադրելու վերաբերյալ: Անեթեթության աստիճանի «մշակված» այդ հայտարարության հանգամանքներն արդեն ներկայացվել են: Նշվել էր, որ հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը, վերջինս անմիջապես հրավիրվել էր հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար: Տեղեկացրել էինք նաեւ, որ բուժզննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չէր հայտնաբերվել: Հայտնել էինք նաեւ, որ նույն կացարանում գտնվող բոլոր դատապարտյալները ժխտել էին նշված դատապարտյալի հայտարարությունը:
Մեր կողմից տրված հաղորդագրությունից հետո դատապարտյալի հայտարարության առթիվ նյութերի նախապատրաստման փուլում նշանակվել է դատաբժշկական փորձաքննությում, որն իրականացվել է Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից: Փորձաքննությամբ եւս հիմնավորվել են բուժզննության արդյունքները. համաձայն փորձագետի եզրակացության, դատապարտյալ Ն.Փաշինյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Այսպիսով, արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության մամուլի հաղորդագրության հիմքում ընկած են ակնհայտ հիմնավորված եւ միանշանակ փաստեր: Իսկ, բոլոր այն ենթադրությունները, ըստ որոնց իբր չի բացառվում, որ նման բռնության դեպք կարող էր եւ լինել, զուտ քաղաքական շահարկումների ոլորտից է եւ ենթակա չէ իրավական գնահատման»:





























