Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել  է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան:

Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերով եւ լաբորատորիաներով, հետեւել արտադրական գործընթացին, ծանոթացել սպառողին առաջարկվող ապրանքատեսականուն, սանիտարահիգիենիկ համակարգին, ինչպես նաեւ զարգացման ծրագրերին: Վարչապետին ներկայացվել է, որ սննդի անվտանգության եւ որակի վերահսկողության ապահովման նպատակով արտադրամասերը, ինչպես նաեւ անասնաբուժական, մանրէաբանական, ֆիզիկաքիմիական լաբորատորիաները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով եւ տեխնոլոգիաներով: Նշվել է, որ «Նատֆուդ» ՓԲԸ-ն ունի FSSC 22000 սննդի անվտանգության որակի կառավարման համակարգին համապատասխանության վկայական, ինչով եւ առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Արտադրական հզորության ծավալը կազմում է օրական մինչեւ 40 տոննա, արտադրատեսականին՝ շուրջ 160, աշխատատեղերի թիվը՝ 180: Առաջիկայում ընկերությունը շուկային ներկայանալու է նոր ապրանքանիշով:

Կարեն Կարապետյանը, ողջունելով ձեռնարկության գործունեությունը, կարեւորել է որակի վերահսկողության շարունակական բարձրացմանը եւ ծրագրերի ընդլայնմանն ուղղված քայլերը: