ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր էլեկտրոնային նամակագրության համար օգտագործել է Ուեյն Թրաքեր կեղծանունը։ Թիլերսոնն այդ փոստն օգտագործել է Exxon Mobil ընկերությունում աշխատելու ժամանակ։ Այս մասին հայտնում է ABCnews –ը, վկայակոչելով Նյու Յորքի դատախազությունը։

Exxon Mobil ընկերությունում հաստատել են նման փոստի գոյությունը, բայց շեշտել են, որ այն օգտագործվել է ոչ թե բացառապես կլիմայական փոփոխությունները քննարկելու, այլ գործնական հարցերի լայն սպեկտրի համար։ Ընկերության ներկայացուցչի խոսքով Թիլերսոնը այդ փոստից օգտվել է ճամփորդությունների ժամանակ։

Գլխավոր դատախազությունը «Ուեյն Թրաքեր» փոստը հայտնաբերել է հետաքննության ընթացքում, երբ փորձել է պարզել՝ իրո՞ք Exxon Mobil–ը մոլորեցրել է իր բաժնետերերին ու հասարակայնությանը՝ կլիմայական փոփոխությունների հետ կապված ֆինանսական հնարավոր ռիսկերի հարցում։