«Կոշ» քրեակատարողական հիմնարկում քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ բռնության դեպքի մանրամասները ներկայացրել է նրա պաշտպան Վահե Հովսեփյանը, ով դեպքից հետո նաեւ հնարավորություն է ունեցել տեսակցել Փաշինյանի հետ:

Ըստ այդմ, նոյեմբերի 11-ի գիշեր ժամը 2.30-ին սահմաններում Նիկոլ Փաշինյանը արթնացել է զգալով տարօրինակ շարժ, որը տեւել է մոտ 20 րոպե: Դրանից հետո ինչ-որ անձինք մոտեցել են իր քնելատեղին եւ բացել են վարագույրը: Այդ ժամանակ Նիկոլը տեսել է 2 դիմակավորված անձանց, որոնք իր տպավորությամբ եղել են հատուկ նշանակության ջոկատայինների հագուստով` սեւ գույնի, դիմակները եղել են ըստ իր տպավորության, գործարանային արտադրության, ինչի մասին վկայել են դիմակների աչքերի շուրջ առկա կապույտ երիզները: Տեսնելով, որ Նիկոլը արթուն է` մի պահ կարկամել են, որոշակի դադարից հետո սկսել են ոտքերով նրան հարվածել մոտ մեկ րոպե, որի ընթացքում Նիկոլը ինչ-որ բան է գոռացել: Որից հետո այդ անձինք արդեն իսկ հավաքված կիսամերկ դատապարտյալների միջով հեռացել են: 4-5 րոպե անց եկել են հսկիչները եւ Նիկոլին տարել են հերթապահ մաս, որտեղ Նիկոլը մնացել է մինչեւ վաղ առավոտ: Քանի որ Նիկոլն այսօր պետք է ունենար երկարատեւ տեսակցություն, նա խնդրել է ՔԿՀ վարչակազմին, որպեսզի մի շարք իրեր, այդ թվում նաեւ իր վերմակը, որով նա ծածկված է եղել գիշերը, տանել հերթապահ մաս: Երկարատեւ տեսակցության սենյակում բացելով այդ իրերը, պարզվել է, որ վերմակի ծրարի վրա առկա են սապոգի հետքեր, ինչպես նաեւ արյան հետքեր: Վերջիններս առաջացել են գիշերվա միջադեպի ժամանակ Նիկոլի մատի վրա առաջացած վնասվածքից: Արյան հետքերը առկա են նաեւ Նիկոլի գիշերազգեստի վրա:

Նիկոլ Փաշինյանը եւ փաստաբան Վահե Հովսեփյանը ներկայությամբ հերթապահ պատասխանատու Բեգլարյանի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Զաքարյանի նայել են եւ վերմակի ծրարի վրա արձանագրել են յոթ հատ սեւ գույնի հետք` ակնհայտորեն սապոգի կողմից թողնված, ինչպես նաեւ վերմակի ծրարի հակառակ կողմին` չորս հատ արնանման հետք: Արյան հետքեր առկա են նաեւ Նիկոլի գիշերազգեստի վրա: Նիկոլ Փաշինյանը եւ փաստաբան Վահե Հովսեփյանն առաջարկել են որպեսզի համապատասխան իրավասու անձը գա եւ համապատասխան արձանագրությամբ ստանա եւ կնքի իրեղեն ապացույցները: Հերթապահ պատասխանատու Բեգլարյանը հայտարարել է, որ իրենք այդ պահին չեն կարող վերցնել այդ իրեղեն ապացույցները: Փաշինյանը հարցրել է, արդյոք փաստաբան Վահե Հովսեփյանը կարո±ղ է այդ իրերը դուրս տանել լրագրողներին ցույց տալու համար: Բեգլարյանն արգելել է փաստաբան Վահե Հովսեփյանին դրանք դուրս տանել: Նա առաջարկել է փաստաբանին դուրս գալ հերթապահ մասից եւ դիմել օպեր մասի պետ Ավետիսյանին: Փաստաբանը հրաժարվել է, քանի որ դուրս գալու դեպքում արդեն խնդիրներ կարող էին առաջանալ ներս մտնելու հետ, նկատի ունենալով, որ տեսակցության ժամը. ըստ ներքին կանոնակարգի սահմանված է մինչեւ ժամը 5-ը, իսկ այդ պահին արդեն մինչ ժամը 5-ը մնացել էին ընդամենը րոպեներ: Այդ ժամանակ Ավետիսյանն ինքն է եկել: Նիկոլը եւ փաստաբանը նրան առաջարկել են կազմել արձանագրություն այդ իրերը ստանալու եւ կնքելու մասին: Ավետիսյանը հրաժարվել է արձանագրությամբ ստանալ եւ կնքել դրանք, առաջարկելով, որ դա կանի Նիկոլից կարճ բացատրություն վերցնելով: Նիկոլը համաձայնվել է կարճ բացատրություն տալ: Ավետիսյանը նշել է, որ բացատրություն կվերցնի միայն փաստաբանի հեռանալուց հետո: Նիկոլը եւ փաստաբանը պնդել են, որ բացատրությունը վերցվի փաստաբանի ներկայությամբ: Ավետիսյանը չի համաձայնվել: Պատասխանատու Բեգլարյանը հայտարարել է, որ արդեն ժամը 5-է, տեսակցությունն ավարտված է եւ փաստաբանը պետք է գնա:

Իսկ ահա ԱՆ քրեակատարողական վարչությունը կրկին հերքել է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որեւէ բռնություն է կիրառվել, նրա պատմությունները համարելով «ակնհայտ կեղծ» եւ «քաղաքական շահարկում»:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության հայտարարությունը անվանել է «անբարո» եւ նշել, որ այդ հայտարարությունը եւս մեկ անգամ ակնհայտ է դարձնում, որ իր դեմ ձեռնարկվող հարձակումները կազմակերպվում են եւ ուղղորդվում են ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության կողմից: Այս մասին է վկայում նաեւ այն, որ ՔԿՀ վարչությունը հերքում է արդեն երկրորդ միջադեպի մասին տեղեկատվությունը, որը տեղի է ունեցել մոտ երկու տասնյակ մարդկանց աչքի առաջ: