Մարդկանց առեւտուրը ու ստրկության ժամանակակից ձեւերը գլոբալ հանցագործություններ են ու վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ։ Նա կոչ է արել վերջ տալ նման հանցագործություններին ու ապահովել բոլոր ստրկացվածների ազատ արձակումը։
«Որոշ ժամանակակից հակամարտություններին մասնակցում են զինված խմբեր, որոնք ոչ միայն ստրկացնում են մարդկանց ու ուժով աշխատացնում նրանց, այլեւ նման գործողությունները օրինական են հռչակում։ Սիրիայում ԻՊ խմբավորումը կազմակերպել է ստրուկների շուկաներ ու իր մարտիկներին ցուցումներ է բաժանում , թե ինչպես պետք է գերեվարեն կանանց ու աղջիկներին, ինչպես վերահսկեն նրանց ու ինչ գնով վաճառեն»,- ասել է Գուտերեշը։ Նա հիշեցրել է նաեւ Բոկո Հարամ խմբավորման հանցագործությունների մասին ՆԻգերիայում ու հարեւան երկրներում։
Գուտերեշի խոսքով մարդկանց առեւտրի զոհեր կան աշխարհի 106 երկրներում։ 21 մլն մարդու հարկադիր աշխատացնում են, նրանցից 5․5 մլն-ը երեխաներ են։ Նման շահագործումից հանցագործները տարեկան 150 մլրդ դոլար եկամուտ են ստանում։
«Կուզեի ասել, որ մարդկանց առեւտուրը անցյալում է մնացել։ ԲԱյց ավաղ դա այդպես չէ»,- ասել է Գուտերեշը։




























