ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի նվիրվածությունը ՆԱՏՕ-ին ու պահանջել, որ դաշնակիցները ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը հատկացնեն պաշտպանական նպատակներին։ Թրամփը նման հայտարարություն է արել Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կանցլերին ՆԱՏՕ-ին աջակցելու ու Աֆղանստանում դաշինքի ձեռնարկած ջանքերի համար։ Ես եւս մեկ անգամ վերահաստատել եմ կանցլեր Մերկելին իմ վճռական աջակցությունը ՆԱՏՕ-ին, նաեւ նշել,որ անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցները վճարեն իրենց արդարացի մասնաբաժինը /պաշտպանության համար/»,- նշել է նա։
Թրամփը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ին ու Գերմանիային միավորում է ձգտումը դեպի անվտանգություն, բարգավաճում ու խաղաղություն։ Նա շեշտել է երկու երկրների դավանած արժեքների ընդհանրությունը ։




























