Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունը «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ կատարվածի առնչությամբ արդեն որերորդ հաղորդագրությունն է տարածել եւ արդեն որերորդ անգամ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն է կիրառվել «Կոշ» ՔԿՀ-ում:
ՔԿՀ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ընդգծում ենք, որ հայտարարության հերքմանը դիմել ենք միայն այն պահին, երբ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերը բավարար են եղել որոշում կայացնելու համար: Ընդ որում, քննության հիմնական փուլին մասնակցել են նաեւ հասարակական դիրտորդները: Վերջիններս իրենց լիազորությունների սահմաններում իրենք են նախաձեռնել համապատասխան ուսումնասիրություններ, հանդիպումներ են ունեցել հաղորդման հեղինակի եւ կացարանում գտնվող բոլոր դատապարտյալների հետ եւ այլն:
Խոսուն է այն, որ հասարակական դիտորդները, իրենց ուսումնասիրության արդյունքներով, արդարադատության նախարարին որեւէ հրատապ հաշվետվություն չեն ներկայացրել, ինչը պարտադիր արվում է յուրաքանչյուր այն դեպքում, երբ հասարակական դիտորդները հայտնաբերում են իրավախախտումներ: Նյութերի նախապատրաստման առթիվ որեւէ միջնորդություն չի ստացվել նաեւ ՔԿՀ այցելած պատգամավոր Զարուհի Փոստանջյանից:
Նախապատրաստված նյութերով հայտնի դարձավ, որ դատապարտյալ Նիկոլ Փաշինյանին այցելած փաստաբանը հայտարարություն է արել այն մասին, թե իբր դատապարտյալին պատկանող ծածկոցի վրա եղել են «սապոգի» ակնհայտ հետքեր, իսկ հակառակ կողմում` արյան նմանվող բծեր: Հայտնվում է, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ մեկ անգամ եւս հերքվել է որեւէ եղանակով նշված անձին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, իսկ զննությամբ, որն, ի դեպ, կատարվել էր դեռ նյութերի նախապատրաստման սկզբնական փուլում, մինչեւ ծածկոցը դատապարտյալին վերադարձնելը, որեւէ «սապոգի» հետք չի հայտնաբերվել: Ավելորդ չէ նշել, որ ներկայումս աշխատակիցները, այդ թվում` «սպեցնազի», այդպիսի կոշիկներ չեն կրում ընդհանրապես:
Հավաստիացնում ենք, որ ՔԿՀ-ի ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները յուրաքանչյուր դատապարտյալի անվտանգությունը ապահովելու, այդ թվում` զանազան սադրանքները բացառելու ուղղությամբ»:





























