2011 թ. սեպտեմբերից Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կսկսեն դասավանդել այդ կենտրոնի շրջանավարտները։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ամալյա Եղոյանը։ Նրա խոսքով՝ շրջանավարտների վերապատրաստումը իրականացվում է «Ուսուցիչների վերապատրաստում Գյումրիում» ծրագրի շրջանակներում, որը սկսել է դեռեւս 2010 թ. մարտին։ Ծրագիրը ավարտվել է վերջերս՝ հոկտեմբերին։
«Եթե նախկինում մեր կենտրոնում դասավանդում էին Երեւանից հրավիրված դասախոսներ, որոնք հայաստանյան տարբեր ՏՀՏ ոլորտի ընկերությունների մասնագետներ էին, ապա այս ծրագրի շնորհիվ արդեն մեր կենտրոնում կդասավանդեն մեր շրջանավարտները»,-ասաց Ա. Եղոյանը՝ նշելով, որ այդ ամենը կբերի ծախսերի կրճատման, բացի այդ՝ տեղում բնակվող դասախոսները կարող են ավելի շատ ժամանակ տրամադրել ուսանողներին։
Նշենք, որ Գյումրիի ՏՏ կենտրոնը ստեղծվել է 2005 թվականի օգոստոսին։ Կենտրոնն ունի երկու բաժին՝ Վեբ տեխնոլոգիաներ եւ Համակարգչային ճարտարագիտություն։
«Ուսուցիչների վերապատրաստում Գյումրիում» ծրագիրրը ֆինանսավորում է USAID CAPS-ը, որը ծրագրի համար հատկացրել է մոտ 11 մլն դրամ։





























