Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ պաղեստինա-իսրայելական հակամարտության` «երկու պետության» հայեցակարգի հիմքով լուծումը կարգավորման միակ ուղին է: Հորդանանում այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա մասնակցում է Մեռյալ ծովում անցկացվող Արաբական երկրների լիգայի հերթական 28-րդ գագաթնաժողովի բացմանը:
«Պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ խաղաղության հասնելու միակ ուղին «երկու պետության» սկզբունքով լուծումն է: Մենք պետք է դադարեցնենք այս ուղուն խոչընդոտելու բոլոր փորձերը»,- ասել է նա:
28-րդ արաբական գագաթնաժողովը տեղի է ոսւնենում Հորդանանում` Մեռյալ ծովում, կազմակերպության անդամ 18 երկրների ղեկավարների մասնակցությամբ: Այն վերջին տարիներին դարձել է ամենաներկայացուցչականներից մեկը: Սկզբնապես հանդիպումը պետք է տեղի ունենար Եմենում, սակայն այս երկրի իշխանությունները միջոցառման անցկացումից հրաժարվել են ներքին բարդ իրավիճակի պատճառով:
Արաբական երկրների լիգայի մեջ են մտնում 21 երկրներ եւ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում:




























