Համացանցում է հայտնվել Skoda ընկերության Karoq նոր քրոսովերը: Հոլովակը հրապարակվել է Euroman Driver-ի ալիքում, փոխանցում է Motor:  

Karoq-ը կդառնա Yeti-ի անմիջական փոխարինողը: Մոդելը մի փոքր է մեծ, քան Seat Ateca-ն: Հոլովակի հեղինակի տեղեկություններով՝ Skoda-ի ամենագնացի պրեմիերան տեղի կունենա մայիսի 18-ին՝ Ստոկհոլմում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ:

Karoq-ի դիզայնը ստեղծվել է Skoda-ի ամենամեծ քրոսովերի՝  Kodiaq-ի ոճով: Այն, որ Yeti-ի հետնորդը կնմանվի ֆլագմանային ամենագնացի, դեռեւս 2016-ի հոկտեմբերին ասել է չեխական մակնիշի նախկին գլխավոր դիզայներ Յոզեֆ Կաբանը, որն այդ ժամանակ դեռեւս BMW չէր տեղափոխվել:

Ինչպես Volkswagen կոնցեռնի ժամանակակից մոդելների մեծ մասը, նորույթը կկառուցվի MQB մոդուլային հարթակի հիմքով: Karoq-ը կունենան բենզինային եւ դիզելային շարժիչներ: Բացառված չէ նաեւ հիբրիդային ուժային ագրեգադի հայտնվելը: