Աբու Դաբիում մեկնարկել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի Գրան Պրի շարքի հերթական մրցաշարը, որը նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային է: Այսօր, նոյեմբերի 22-ին տատամի են դուրս եկել 60 եւ 66 կգ քաշայինները: Հայաստանի երեք պատվիրակներ ներկայացված են հենց այս քաշային կարգերում: Առայժմ գերազանց է հանդես գալիս Հովհաննես Դավթյանը, որ 60 կգ քաշային կարգում է դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ ապահովել է բրոնզե մեդալ: Գրան Պրիներում սփոփիչ գոտեմարտեր չեն անցկացվում եւ կիսաեզրափակիչում պարտվող ստանում է բրոնզե մեդալ:
Դավթյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել երկու գոտեմարտի արդյունքում` հաղթելով ուզբեկ Գաբիտ Եսիմբետովին եւ հոլանդացի Յերոյեն Մուրենին:
Եզրափակիչի ուղեգրի համար Դավթյանը կգոտեմարտի ռուսաստանցի Բեսլան Մուդրանովի հետ:
66 կգ քաշային կարգում համեմատաբար հաջող հանդես եկավ Արմեն Նազարյանը, որը երկու հաղթանակ տարավ եւ գրավեց 5-րդ տեղը: Մեկնարկային գոտեմարտում Նազարյանը իպոնով 2 րոպե 59 վայրկյանում հաղթեց բրազիլացի Ալեքս Վիլյամ Դա Սիլվային: Լեհ Պավել Զագրոդնիկի հետ գոտեմարտն ավելի ծանր ստացվեց, սակայն Նազարյանը դարձյալ հաղթանակ տարավ մեկ արդյունավետ հնարքով: Ռուսաստանցի Մուսա Մոգուշկովի արգելքը հաղթահարել չստացվեց: Նազարյանի մրցակիցը իպոնով մաքուր հաղթանակ տարավ:
Նույն քաշային կարգում Համբարձում Տոնոյանը պարտվեց երկրորդ գոտեմարտում եւ դուրս մնաց պայքարից: Մեկնարկում Տոնոյանը հաղթեց ռումինացի Դան Ֆասիեին, իսկ պարտվեց լատվիացի Դենիս Կոզլովսին:
Կանանց 48 կգ քաշային կարգում Գայանե Հարությունյանը հաղթեց առաջին գոտեմարտում, երկրորդում պարտվեց:




























