Լոս Անջելեսում սիրամարգը քիչ էր մնում ջարդուփշուր աներ ոգելից խմիչքի խանութը։ UPI-ի փոխանցմամբ, խանութի սեփականատերը ապարդյուն փորձում էր հսկայական թռչունին հանել իր խանութից։ Սիրամարգը տեղավորվել էր պահարաններից մեկում։ Թե ինչպես էր այդ էկզոտիկ թռչունը հայտնվել խանութում՝ հայտնի չէ։
Սիրամարգին վռնդելու ապարդյուն փորձերից հետո խանութի տնօրենը զանգարահարել էր կենդանիների հսկողության ծառայություն։ Մինչ ժամանած աշխատակիցը փորձում էր բռնել սիրամարգին, թռչունը մի քանի շիշ շամպայն էր կոտրել՝ 500 դոլար ընդհանուր արժողության։ Արդյունքում նրան հաջողվել է բռնել սիրամարգին, որին տեղափոխել են տեղի բուսաբանական այգի ու այնտեղ ազատ արձակել։











