Հույս ունենք, որ սեպտեմբերին կհաջողվի գտնել ազգային կամ միջազգային նմուշի վարորդական իրավունքների առկայության պարագայում Ռուսաստանում տրանսպորտային միջոց վարելու արգելքի հետ կապված խնդրի լուծումը։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին գործերի, տեղեկացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը՝ նշելով, որ համապատասխան սահմանափակումները ՌԴ-ում ուժի մեջ են մտել 2017 թվականի հունիսի 1-ից։

Նրա խոսքով՝ սահմանափակումը Եվրասիական տնտեսական միությունը չի կարգավորում, բայց քանի որ գործարար հանրությունը բարձրացրել է հարցը, ԵՏՄ-ն զբաղվում է դրանով։ «Խնդիրը բարձրացրել են Ղազախստանն ու Հայաստանը։ Մենք այն քննարկում ենք եվրասիական հարթակում՝ չնայած այն կարգավորվում է նաեւ երկկողմանի հարաբերություններով։ Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ կկարգավորի այդ հարցը։ Մենք պետք է ավելի ներդաշնակ դարձնենք վարորդների նկատմամբ մեր պահանջները։ Բայց այժմ Ռուսաստանում հանգել են եզրակացության, որ ԵՏՄ երկրների համար հատուկ փոփոխոթյուններ կսահմանվեն։ Դրանք արդեն ընդունվել են առաջին ընթերցմամբ եւ մենք հույս ունենք, որ մինչեւ սեպտեմբեր այդ հարցը կլուծվի»։

Հիասթափված եւ դժգոհ. հայ վարորդները վերադառնում են Հայաստան

Հայկական լրատվամիջոցները հաճախ են շրջանառում ՌԴ-ում հայկական նմուշի վարորդական իրավունքների թեման։ Շատ վարորդներ առանց աշխատանքի են մնացել, նրանց պարզապես հեռացրել են աշխատանքից եւ նրանք ստիպված Հայաստան են վերադարձել։ Որոշ վարորդները հայտարարում են, թե վարորդական իրավունքը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, մյուսներն ասում են, թե չլինելով ՌԴ քաղաքացիներ, չեն կարող քննություն հանձնել եւ Ռուսաստանում վարորդական իրավունք ստանալ (ինչն իրականությանը չի համապատասխանում)։

Որոշ վարորդներ նշել են նաեւ, որ Ռուսաստանում իրենց հայտարարել են, որ հայկական նմուշի վարորդական իրավունքները չեն համապատասխանում ճանապարհային երթեւեկության Վիեննայի կոնվենցիային, մյուս վարորդներից վարորդական իրավունքում պահանջել են լատինատառի կամ կիրիլիցայի առկայություն։

Իսկ ահա Հայաստանի ոստիկանությունում շտապեցին հերքել տվյալ տեղեկությունը՝ նշելով, որ մեր երկրում տրվող վարորդական իրավունքները լիովին համապատասխանում են Վիեննայի կոնվենցիային։ Ոստիկանությունում նշում են նաեւ, որ այս առումով ՌԴ իշխանությունները պարզապես ցանկանում են վարորդական իրավունքներում ռուսերեն տեղեկություն տեսնել։

Միայն ղեկ պտտելը քիչ է, պետք է նաեւ ռուսերեն իմանալ

Հայտնի է, որ այս տարվա հունիսի 1-ից ազգային նմուշի վարորդական իրավունքներ ունեցող վարորդները Ռուսաստանում չեն կարողանա վարորդական գործունեություն ծավալել։ Վարորդական իրավունքը պետք է հաստատել, իսկ դրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել։

Այսինքն՝ ռուսական կողմը հարեւան երկրներից ռուսական նմուշի վարորդական իրավունք ստանալու յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն է ընձեռում, ինչի համար պետք է քննություն հանձնել։ Սակայն, ըստ երեւույթին, շատերն ի վիճակի չեն դա անել՝ ռուսերենի չիմացության կամ վատ իմացության պատճառով։

Օրինակ՝ Ղրղզստանից վարորդներին պաշտպանում է Պետդուման։ Այն դիմել է ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինին՝ խնդրելով Ղրղզստանի քաղաքացիներին իրավունք տալ աշխատել փոխադրումների ոլորտում իրենց ազգային կամ միջազգային նմուշի վարորդական իրավունքների հիման վրա։

Նախագահին ուղղված ուղերձում ասվում է, որ «Ռուսաստանի տարածքում ազգային նմուշի վարորդական իրավունքի արգելքը հիմնականում կապված է այն բանի հետ, որ արտասահմանցիները վատ են տիրապետում ռուսերենին եւ չգիտեն ճանապարհային երթեւեկության ռուսական օրենքները։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Ղրղզստանում ռուսերենը պետական կարգավիճակ ունի, ինչը ենթադրում է, որ քաղաքացիները պետք է լավ տիրապետեն դրան։ Բացի այդ, այդ հանրապետության վարորդական իրավունքներում եւս գործածվում է ռուսերենը։ Այդ ամենը թույլ է  տալիս Ղրղզստանի քաղաքացիների համար այնպիսի զիջումներ անել, ինչպես Բելառուսի քաղաքացիների»։

Ի դեպ, բելառուսական վարորդական իրավունքները ՌԴ-ում օրինական են համարվում։ 1999 թվականին Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագիրը Ռուսաստանում Բելառուսի քաղաքացիների համար հատուկ կարգավիճակ է ենթադրոււմ, այդ թվում՝ երկու երկրների փաստաթղթերի ընդունումը։