Պետական կառույցներ կպարզեն, թե ով ա անարդար, հերը կանիծեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության, թե անարդարության դեմ պատերազմ պետք է հայտարարել:
Հարցին, թե ովքե՞ր են Հայաստանում անարդարություն սերմանում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դուք, բա ո՞վ: Չեղած տեղից բաներ կմոգոնեք, կխոսաք, էլ գող կատու, էլ քաչալ շուն, սկսում եք տուրուդմփոց, կռիվ, մուտիլովկա: Ես շատ գիտեմ, ես ոնց կարամ ասեմ՝ ով ա անարդար, ով արդար: Դրա համար կան հատուկ պետական կառույցներ, որոնք կպարզեն, թե ով ա անարդար, հերը կանիծեն»:
Իսկ ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանին չի հաջողվել պարզել, թե ով է մեղավոր անարդարության համար եւ պատասխանատվության կանչել. «Մենք ջահել պետություն ենք, էդ Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ ի՞նչ պտի աներ, կախարդական փայտիկ ունե՞ր, ի՞նչ ուներ էդ խեղճ մարդը: Հետո մեր մենթալիտետից ա գալիս, սաղս մեկը մյուսի վրա շառ ենք անում»:
ՀՀԿ-ական պատգամավորը չի կարծում, որ իշխանությունն է թույլ տալիս, որ պաշտոնյաները թալանեն երկիրն ու հարստանան. «Ո՞վ ա է թույլ տալի: Երկրի նախագահը կյանքում թույլ կտա բան գողնա՞ն: Պաշտոնյաները բիզնես են էնում, հարստանում են, ո՞նց են հարստանում»:
Դիտարկմանը, որ եթե Սերժ Սարգսյանը բարեփոխումներ չի անում, ինչո՞ւ իր տեղն ուրիշի չի զիջում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ո՞ւմն զիջի, դե մի հատ ցույց տուր կախարդական փայտիկով մարդու, մենք էլ զիջենք: Հենց գտիս բերես, մենք էլ կզիջենք»: Նա նաեւ ասաց, որ տեղյակ չէ, թե 2018 թվականին Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, թե մեկ այլ անձ: Սարոյանը նշեց, որ իրենց կարծիքն այդ հարցում հաշվի չեն առնում. «Էն վերեւի խաղերը որ կան, մենք ըստե խաբար չենք»,- ասաց նա:











