«Արի տուն» ծրագրի շրջանակում Թուրքիայից Հայաստան եկած պատանիների նկատմամբ խտրականության մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: «Ազատություն» ռադիոկայանին այս մասին ասել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Երեկ հայտնի է դարձել, որ «Արի տուն» ծրագրի շրջանակում Թուրքիայից ժամանած 16 հոգանոց խումբը վերադարձել է Ստամբուլ՝ Ուկրաինայից ժամանածների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Սփյուռքի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հայ երիտասարդների միջեւ վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել Խոր Վիրապում՝ Գրիգոր Լուսավորչի գետնափոր խուցն առաջինը մուտք գործելու հետ կապված: Զաքարյանն ընդգծել է, որ իրենց միջամտությամբ միջադեպը հարթվել է, տեղի ունեցածն ընդամենը «փոթորիկ էր մի բաժակ ջրում»:

«Անմիջապես միջադեպի մասին իմացել ենք, ե՛ւ տեղում ենք փորձել հարթել, ե՛ւ սփյուռքի նախարարություն ենք հրավիրել, խոսել ենք, հարթել, ձեռք ձեռքի են տվել տղաները»,- ասել է Ֆիրդուս Զաքարյանը՝ հերքելով պնդումները, թե միջադեպը շարունակություն է ունեցել:

Թուրքահայերի խմբի ղեկավար Ղազար Սաբունջուն, սակայն, պնդում է, որ վեճը Խոր Վիրապում չի ավարտվել, դրան ավելի ուշ մասնակցել է ուկրաինական համայնքի ներկայացուցչի ընտանիքը, մինչդեռ նախարարությունը երկար ժամանակ անհաղորդ է մնացել, ինչի հետեւանքով խնդիրը խորացել է:

«Առաջին օրվա վեճից հետո երեխաներն ուզում էին հեռանալ ճամբարից, բայց ես նրանց դրականորեն էի տրամադրում, փորձում էի հարթել խնդիրը: Սակայն երբ հարցն ավելի մեծացավ, երեխաներն ասացին, որ այլեւս չեն ուզում մնալ: Նախարարությանը տեղեկացրի, որ ծրագրին չենք մասնակցելու, ինչից հետո նախարարն իր մոտ կանչեց: Ասացի, որ ճամբարից դուրս ենք եկել ու այլեւս չենք վերադառնալու: Անընդհատ պնդում էին, որ հարցը պետք է փակել: Ես մեկ շաբաթ շարունակ այդ ուղղությամբ ջանքեր էի գործադրում, սակայն նախարարությունը հակառակ կողմին էր պաշտպանում»,- ասել է Ղազար Սաբունջուն:

Նրա պնդմամբ՝ հատկապես ստամբուլահայերի նկատմամբ խտրական վերաբերմունք է եղել. «Ճամբարում էլ մեր խմբի երեխաներին մյուսների պես չեն վերաբերվել: Երբ ես այնտեղ չեմ եղել, նրանց վրա բղավել են, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել»:

Ֆիրդուս Զաքարյանը բացառում է որեւէ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունքի հնարավորությունը՝ պնդելով, որ ճամբարից հեռանալու որոշումը կայացրել է Սաբունջուն եւ այն, մեղմ ասած, «փաթաթել է երեխաների վզին»: