Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարության մեջ ՄԱԿ-ի կանոնադրության հիշատակումը չի նշանակում, որ այն ավելի բարձր է, քան մյուս փաստաթղթերը, այլ որովհետեւ դա է հիմնական փաստաթուղթը, որի վրա էլ հիմնված են մյուս փաստաթղթերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 3-ին նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ այդ կանոնադրության հիշատակումը չպետք է մեծ նվաճում համարել, այլ որպես նախորդ փաստաթղթերում առկա բացթողումը շտկելու փորձ:
Հիշեցնեք, որ դեկտեմբերի 1-ին ընդունված հնգակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վերջնական կարգավորման հասնել` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլիայում եւ 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունած հայտարարությունների վրա»:





























