ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է ճնշում գործադրել իր մեքսիկացի գործընկեր Էնրիկե Պեն Նյետոյի վրա, որպեսզի վերջինը դադարի հրապարակավ խոսել այն մասին, որ Մեքսիկան չի վճարելու երկու երկրների սահմանին պատի շինարարության համար, գրում է Washington Post-ը։
Ըստ պարբերականի, Թրամփի պաշտոնակալությունից հետո տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Մեքսիկայի առաջնորդին ասել է, որ իրենք երկուսն էլ որոշ չափով քաղաքականապես կաշկանդված են՝ Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու ու Մեքսիկային դրա համար վճարել ստիպելու՝ իր նախընտրական խոստումի պատճառով։
«Նրանք մեզ երկուսիս կասեն․ «Ո՞վ է վճարելու պատի համար, պարոն նախագահ» ու երկուսս էլ պետք է ասենք, որ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է Թրամփը այն զրույցում, որի վերծանումը հայտնվել է թերթի տրամադրության տակ։
Պարբերականը նաեւ մեջբերում է Թրամփի ու Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հունվարյան զրույցը, որի ընթացքում Թրամփը իրենց զրույցը «անմտություն» էր կոչել։




























