Լեհ քննիչները Եվրախորհրդի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկին ութ ժամ հարցաքննել են այն ավիավթարի հետաքննության շրջանակում, որի հետեւանքով 2010-ին զոհվել էր երկրի նախագահ Լեհ Կաչինսկին, փոխանցում է AP-ն։

Հարցաքննությունից առաջ Լեհաստանի իշխող կուսակցության առաջնորդ ու հանգուցյալ նախագահի եղբայր Յարոսլավ Կաչինսկին հայտնել էր, որ Տուսկը պետք է վախենա։ Սակայն Տուսկն ինքը հարցաքննությունից հետո լրագրողներին հայտնել է, որ իրեն չի վախեցնում դատավարությունը, որն իր փաստաբանը համարում է քաղաքականացված։ «Ես վախենալու ոչինչ չունեմ։ Եվ պարոն Կաչինսկին ինձ չի կարող վախեցնել, որքան էլ ձգտի դրան»,- ասել է Տուսկը՝  իրավաբանական նկատառումներով հրաժարվելով ներկայացնել հարցաքննության մանրամասները։