ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանաբար շուտով կփորձի ավելացնել Չինաստանի վրա ճնշումը, որպեսզի ստիպի նրան փոխել առեւտրային քաղաքականությունը ու ավելի շատ ջանքեր գործադրել զենքի մշակման հյուսիսկորեական ծրագրերի դադարեցման ուղղությամբ։
«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ Թրամփը արդեն ուրբաթ կարող է ստորագրել հրաման ՝ Չինաստանի կողմից առաջ քաշված պահանջների հետաքննությունը սկսելու մասին։ Ըստ այդ պահանջների օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց տեխնոլոգիաների մասին տեղեկություններ տրամադրեն՝ չինական ընդարձակ շուկա մուտք գործելու հնարավորության դիմաց։ Այդ հետաքննությունը կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել Չինաստանում արտադրվող ու ամերիկյան շուկա ներմուծվող ապրանքների գների բարձրացմանը։ Առեւտրի հարցերով փորձագետները նախազգուշացնում են, որ այս քայլը կարող է խախտել ԱՄՆ պարտավորությունները Առեւտրի համաշխարհային կազմակերպության առաջ։
ԱՄՆ առեւտրի հարցերով նախարար Ուիլբուր Ռոսը վերջերս գրել է, որ Չինաստանի առեւտրային պրակտիկան, այդ թվում տեխնոլոգիաների փոխանցման մասին պահանջը, անարդարացի են, բացասաբար են ազդում ամերիկյան արտահանման վրա ու նպաստում են ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առեւտրային պակասուրդի աճին, որը կազմում է 347 մլրդ դոլար։




























