Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել, այդպես էլ չեն կարողանում լուծել իրենց բնակարանային խնդիրը: NEWS.am-ի հետ զրույցում Պուշկին 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանը նշեց, որ տուժած բնակիչները մնացել են կոտրած տաշտակի առջեւ. շատերը վարձով էին բնակվում եւ այժմ դրա հնարավորությունն էլ չունեն՝ չեն կարողանում վճարել տան վարձը: Նրա խոսքով եւ քաղաքապետարանը, եւ վարչապետը բազմաթիվ անգամ խոստացել են աջակցել եւ լուծում տալ իրենց խնդրին, սակայն, դրանք միայն խոստումներ են եղել, ոչ մի քայլ չի ձեռնարկվել:
«Արդեն 12 տարի պայքարում ենք, բայց ոչ մի բանի չենք կարողանում հասնել, ցույցերի ժամանակ միայն խոստումներ ենք լսում, ուրիշ ոչինչ»,-ասաց նա:
Տիկին Վալենտինան նշեց, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները խոստացել են աջակցել բնակիչներին եւ այսօր նրանք պետք է հանդիպում ունենան ավագանու անդամների հետ:
Վալենտինա Հարությունյանն արդեն երկար տարիներ ստիպված է ընտանիքի 6 անդամների հետ ապրել կիսախարխուլ բնակարանում: Բնակարնն իր ընտանիքին է տվել Էդիկ Թախունց անունով մի գործարարը, որը 2004թ. իրենց հետ պայմանագիր է կնքել Պուշկին փողոցում գտնվող տունը քանդելու եւ դրա փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան տալու վերաբերյալ: Ըստ պայմանագրի՝ Էդիկ Թախունցը պարտավորվել է ընտանիքին տրամարդել 2 տարվա բնակարանավարձ՝ մինչեւ նորակառույցի ավարտը, սակայն 4 ամիս վճարելուց հետո՝ դադարել է բնակարանավարձ տալ: Վալենտինա Հարությունյանն ու իր նման խաբված Պուշկինի շատ բնակիչներ, ստիպված են եղել բնակարանավարձը վճարել ինքնուրույն, մինչեւ որ Էդիկ Թախունցը Երեւանի Շենգավիթ համայնքում 9000 դոլարով գնված կիսակառույց տուն է տվել ընտանիքին: Տիկին Վալենտինան արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում է իր խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրեն ու իր նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարարին, սակայն մինչեւ այժմ նրա բողոքները ոչ մի արձագանքի չեն արժանացել:




























