Խունան նահանգի երկու պաշտոնյաների հեռացրել են Չինաստանի Կոմկուսի շարքերից ու պետական ծառայությունից՝ «պաշտամունքային գործունեության» համար, հայտնում է «Սինհուան»։
2008-ից սկսած՝ Տան Յուանսունը երկրի տարբեր քաղաքներում «Ֆենշույի» հինգ դասընթացներ է հաճախել «ճանաչողական ուղեւորությունների» պատրվակով, հայտնում է Կոմկուսի հանձնաժողովը։
Դասընթացների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 8000 դոլար ու փոխհատուցվել է որպես գործուղման ծախսեր։ 2014-ից սկսած՝ Տան Յուանսունը նաեւ տարեկան միջինը 5000 յուան էր ստանում այն բանի համար, որ «ֆենշույ» էր դասավանդում մյուսներին, ասված է փաստաթղթում։
Մեկ այլ պաշտոնյա՝ Խուան Սյավենը, խնդրել էր աղոթքի համար խորան տեղադրել ու ամեն անգամ 100 հազար յուան էր նվիրաբերում՝ հույս ունենալով ավելի բարձր պաշտոն ստանալ։
Երկուսին էլ հեռացրել են պետական ծառայությունից ու կուսակցության շարքերից։ Նաեւ բոլոր նյութերը փոխանցել են դատական մարմիններ՝ կոռուպցիայի ու հանրային միջոցների առեւանգման մասին քրեական գործ հարուցելու համար։




























