Երեւանի Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցում 2015թ. փետրվարին 8 ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 51-ամյա Ռազմիկ Ավետիսյանը, որը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Լուսնթագ Բադալյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը ոչ թե համաձայն է, այդ պատճառով չի ցանկանում բողոքարկել դատավճիռը, այլ անիմաստ է համարում, քանի որ վստահ է, որ Վերաքննիչ դատարանը մերժելու է այն:
Պաշտպանի խոսքով, դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո Ռազմիկ Ավետիսյանն իր պատիժը կկրի բաց ռեժմիով՝ կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից եւ երեկոյան վերադառնալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռազմիկ Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։
Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել:



























