ԱՄՆ ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը չի բացառել, որ Սպիտակ տանը տեղեկությունների արտահոսքի համար պատասխանատու աշխատողներին բացահայտելու համար կարող է ստի դետեկտոր օգտագործվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Գուցե այո, գուցե՝ ոչ։ Կան տարբեր միջոցներ որոշելու, թե որտեղից է արտահոսքը։ Դա իհարկե բարկացնում է մարդկանց, ովքեր եկել են այստեղ աշխատելու, նախագահից ու փոխնախագահից սկսած»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ընդ որում Քոնուեյը շեշտել է, որ տվյալների արտահոսքը կարող է վնասել ազգային անվտանգությանը։
Օրերս The Washington Post-ը հրապարակել էր ԱՄՆ նախագահի ու Մեքսիկայի առաջնորդ Էնրիկե Պենյա Նյետոյի, նաեւ Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ հեռախոսազրույցի վերծանումը։ «Մյուս պետությունների ղեկավարների հետ մեր նախագահի հեռախոսազրույցների արտահոսքը ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն», -շեշտել է Թրամփի խորհրդականը։




























