Արցախի Ալաշան համայնքում, որտեղ ապրիլյան պատերազմից հետո տեղափոխվել են Թալիշի բնակիչները, նոր դպրոց կառուցելու անհրաժեշտություն չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

«Թալիշում վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Մեր տեղեկություններով, այժմ վերանորոգվում է 17 առանձնատուն: Երբ աշխատանքներն ավարտվեն, թալիշցիները վերադառնալու են Թալիշ, որտեղ նոր դպրոց է կառուցվում: Հետեւաբար, Ալաշանում նոր կառուցելու անհրաժեշտություն չկա, մեկ է՝ շուտով Թալիշ են վերադառնալու»,- ասաց փոխնախարարը:

Նշենք, որ Թալիշում նոր դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են շուրջ 2 ամիս առաջ: Նախկին շենքը չի վերանորոգվում, քանի որ գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ: