Լեհաստանն իրավունք ունի Երկրորդ աշխարհամարտի հետեւանքների համար Գերմանիայից ռազմական տուգանք պահանջելու: Այս մասին օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն:

Լեհաստանում վերջին շրջանում հաճախակի են բանավեճերը Գերմանիայի կողմից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ պատճառված վնասի փոխհատուցման տուգանքների շուրջ: Այն մասին, որ Լեհաստանը երբեք տուգանքներից չի հրաժարվել, հայտարարել է «Իրավունք եւ արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին:

«Լեհաստանը խոսում է արդարության մասին: Լեհաստանը խոսում է այն մասին, ինչը պետք է կատարել: Մենք Երկրորդ աշխարհամարտի զոհերն ենք, որին պատճառված վնասը ոչ մի ձեւով դեռեւս չի փոխհատուցվել»,- հայտարարել է Բեատա Շիդլոն: «Եթե խոսքը կարծիքների մասին է, որոնք մեր դիրքորոշումը քննադատում են, ապա նրանք պետք է առաջին հերթին պատմությունն ուսումնասիրեն եւ հիշեն, թե Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ինչ է տեղի ունեցել լեհական հողում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հավելել է նա: