Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն խուզարկություններ է կատարում Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի ընտանիքում, հայտնում է «Ուկրաինական պրավդան»:
Տեղեկությունների համաձայն՝ խուզարկություններն անցկացվում են նախարարի որդու՝ Ալեքսադրի մոտ: Աղբյուրների խոսքով՝ խուզարկությունները կատարվում են ուսապայուսակների գործով մինչդատական հետաքննության շրջանակում, որոնք ՆԳՆ-ն գնել է 2014-ի վերջին-2015-ի սկզբին: Այս տեղեկությունը հաստատել է ինքը Արսեն Ավակովը. «Այո՛, եկել են որդուս մոտ խուզարկության»:
Ուկրաինայի ՆԳ նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան հայտարարել է, որ Արսեն Ավակովի որդին՝ Ալեքսանդրը, ձերբակալվել է այսօրվա խուզարկությունից հետո:
«Հիմա խուզարկությունն ավարտված է: Գիտեմ, որ Ալեքսանդրին պետք է դատարան ուղարկեն: Ցանկանում են նրան ազատությունից զրկել, որ նախարարին մանիպուլացնեն եւ նրա որոշման վրա ճնշում գործադրելու հնարավորություն ունենան: Ալեքսանդրին ձերբակալել են: Որքան ինձ հայտնի է, խուզարկությունը ոչ մի արդյունք չի ունեցել, այդ պատճառով առգրավվել են հեռախոսները եւ պլանշետները: Սա 100 տոկոսով գիտեմ, քանի որ ուղիղ կապի մեջ եմ եւ շփվում եմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսին քրեական վարույթ է սկսվել Ազգային գվարդիայի համար ուսապայուսակների գնման գործով: Լրագրող Ռոման Բոչկալան հայտնել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ուսապայուսակները գնել է հատը 3 հազար գրիվնայով՝ ընդհանուր 14,5 մլն գրիվնա գումարի:
Ավելի ուշ YouTube-ում հրապարակվել է իբր նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարի եւ մի մարդու զրույցի տեսանյութը, որը նման է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդուն: Տեսանյութում 2 տղամարդիկ զրուցում են ՆԳՆ ստորաբաժանումների համար ուսապայուսակների մատակարարումների մասին, ըստ որում՝ իբր Չեբոտարի աշխատասենյակում եւս մեկ մարդ կա:
Անցյալ տարվա սեպտեմբերին Նազար Խոլոդնիցկին հայտարարել էր, որ քննությունն ավարտին է մոտենում եւ խոստացել էր արդյունքների մասին հայտնել 2016-ի հոկտեմբերին: Արտեմ Սիտնիկը 2016-ի նոյեմբերին նաեւ հայտարարել էր, որ ՆԳՆ-ի ուսապայուսակների գնման չարաշահումների գործով եզրափակիչ խորհրդակցություն կանցկացնի եւ վերջնականապես կորոշի՝ ով է կասկածյալը:
ՆԳՆ-ում հայտարարել են, որ ուսապայուսակների գնման ժամանակ ապօրինի գործարքների մասին տեղեկությունները հավաստի չեն եւ գերատեսչությունն անվանարկելու նպատակ են հետապնդում:




























